Արմինֆո. Փետրվարի 15-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Մյունխենում է գտնվում անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, կողմերն անդրադարձել են Յոհաննես Հաանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր են փոխանակել Երևանում ԵՄ ներդրողների համաժողովի անցկացման հնարավորության շուրջ:
Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է, որ այն կարևոր գործիք է հանդիսանում Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման համար:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ գործընկերների հետ միասին սերտ համագործակցությամբ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագծի վերջնականացման ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:
Զոհրաբ Մնացականյանը Յոհաննես Հաանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: