Արմինֆո. Հայաստանի խորհրդարանում տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով ստեղծելը ճիշտ քայլ է:
Փետրվարի 15-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:: «Ես կարծում եմ, որ խորհրդարանը որոշակի քայլ է կատարել ճիշտ ուղղությամբ, ստեղծելով եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողով: Հայաստանը սերտ կապեր ունի ԵԱՏՄ-ի հետ, որն ապահովում է տնտեսական արդյունք, եւ դա ակնհայտ է թվերով: Երեւան կատարած մեր աշխատանքային այցի ընթացքում մենք համոզվեցինք, որ Ռուսաստանում բոլոր այն խոսակցությունները, այդ թվում նաեւ որոշ ԶԼՄ-ներում, թե Հայաստանը դուրս կգա ԵԱՏՆ-ից, եւ արտաքին ուժերը դրան նպաստում են, ճիշտ չեն», - ասել է ռուս խորհրդարանականը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում իր գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի եւ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ: «Ես խոսնակին հրավիրել եմ մի շարք միջոցառումների` 2019 թվականին, մասնավորապես, Բիշքեկում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, Ղազախստանում Եվրասիայի խոսնակների խորհրդակցությանը եւ Մոսկվայում անցկացվելիք երկրորդ միջազգային խորհրդարանական համաժողովին», - ասել է Կալաշնիկովը:
Վերջում ռուս քաղաքական գործիչը փաստել է. չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում ձեւավորվել է նոր երիտասարդ խորհրդարան, այն բարեկամական է, եւ դա զգացվում է հանդիպումների ժամանակ: