Արմինֆո.ՀՀ խորհրդարանի հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը վկայում է հանրության կողմից տնտեսական հեղափոխության մեր կոնցեպտի ընկալման մասին: Այդ մասին փետրվարի 15-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ես ուզում եմ տարանջատել կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից, և ես հիմա ուզում եմ բարձրաձայնել մի քանի ուղղություններ, հանձնարարականներ, որոնց ուղղությամբ մենք միասին և առանձին նախարարություններ, պաշտոնյաներ պետք է աշխատեն. 1.Վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված պրոբլեմները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում: 2.Կարգավորումների ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով: 3.Արագացնել Ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը: 4.Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը, մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից: 5.Հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեներով, ընկերություններով: 6.Արագ բացահայտել բոլոր այն մարդկանց, ովքեր ամսական 100.000 դրամ և ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում և միևնույն ժամանակ օգտվում են ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգից: 7.Բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել: 8.Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել: 9.Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը և վերամասնագիտացման ծառայություններ մատուցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: 10.Ակտիվացնել և զարգացնել բոլոր այն ուսումնական կենտրոնները և նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը: Այս նպատակով բանակցել և համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի հանրային հեռուստատեսության և մյուս հեռուստաընկերությունների հետ: 11.Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման, ակտիվացման և զարգացման գործում: 12.Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջ ուղղությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել այդ աշխատանքների ծավալները մեծացնելու համար: 13.Ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել՝ զուգահեռաբար բանակցելով հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ: 14.Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը: 15. Պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել>,- ասել է նա