Արմինֆո. Բելառուսը հուսով է, որ առաջիկայում հայկական կողմը կհաղորդի Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամկետի մասին: Այսօր այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազը, հաղորդել է ԲԵԼՏԱ-ն:
Ինչպես ընդգծել է Անատոլի Գլազը, Ստանիսլավ Զասը հանդիպումներ է անցկացրել հինգ պետությունների ղեկավարների հետ, որոնք պաշտպանել են են նրա թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ Հայաստանը կցանկանար պահպանել ՀԱՊԿ-ում նախագահությունը մինչեւ 2020 թվականը: «ՀԱՊԿ-ն արդեն երկար ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի», - ասել է Անատոլի Գլազը, հավելելով, որ իրավիճակը կազմակերպության օգտին չէ եւ պահանջում է արագ լուծում:
Բելառուսի ԱԳՆ ներկաայցուցիչն ասել է, որ Հայաստանում նախորդ տարվա դեկտեմբերին կայացել են խորհրդարանական ընտրություններ, հետո ձևավորվել է կառավարություն, և իրենք ըմբռնումով են մոտենում այն հանգամանքին, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն չի ունեցել հանդիպելու Բելառուսի թեկնածուի հետ: «Այժմ այդ շրջանն ավարտված է, ուստի մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը արդեն մոտ ապագայում կհաղորդի այդ հանդիպման ժամկետների մասին», - ասել է Անատոլի Գլազը: Նա նաև ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է կառուցողական փոխգործակցության Երեւանի հետ: «Մենք հուսով ենք, որ մենք կարող ենք փոխըմբռնման հասնել: Չէ որ, միջազգային ռազմաքաղաքական կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցային համար չէ, որը կարելի է ամրագրել, նույնիսկ եթե այն նորից օգտագործելու ոչ մի հնարավորությւոն չկա՚, - ասել է Գլազը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը 2018 թվականին պաշտոնանկ արվեց հայրենիքում իր նկատմամբ քրեական հետապնդման առնչությամբ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է նրա տեղակալ Վալերի Սեմերիկովը: Հայաստանը պնդում է, որ մինչեւ 2020 թիվը ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնը պետք է զբաղեցնի իր ներկայցուցիչը: Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հաղորդել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթաժողովում որոշվել է, որ այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը` երկրի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը: Վերջինն արդեն իր նշանակումը համաձայնեցնելու նպատակով այցելել է Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան: Նա պատրաստակամություն է հայտնել ժամանել Հայաստան` երկրի վարչապետի համար ցանկացած հարմար ժամանակ, և հանդիպել Հայաստանի կառավարության ղեկավարի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Զասը իր նշանակման հարցի շուրջ փոխհամաձայնության հույս է հայտնել: