Արմինֆո. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ԲՀԿ-ից ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանին` բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով):
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու համար։ Դատախազությում, սակայն, խոստացել են ավելի ուշ պատասխանել մեղադրական եզրակացության հաստատման վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, ավելի վաղ Բաբայանը կալանավորվել էր այդ գործով, սակայն հետագայում գրավի դիմաց ազատ էր արձակվել: ԲՀԿ-ն հայտարարել էր, թե դատարանի որոշումը կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդման դրսևորում է: Միջադեպը տեղի էր ունեցել 2018 թվականի հուլիսին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում` բռնցքամարտիկների եւ օլիմպիական կոմիտեի ղեկավարության հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը Ծառուկյանը քննադատել էր բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, ինչի պատճառով վիճաբանություն էր առաջացել ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր Վյաչեսլավ Հարությունովի հետ։ Վիճաբանությունը վերաճել էր ծեծկռտուքի, ինչի հետևանքով չեմպիոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ավելի ուշ տուժածը հրաժարվել էր նախնական ցուցմունքից, հավաստիացնելով, որ վնասվածքն ստացել է խոնավ մանրահատակի վրա սայթաքելու հետևանքով: Հաշվի առնելով տուժածի նախնական ցուցմունքը, ըստ որի, ծեծին մասնակցել է ինքը` Ծառուկյանը, գործը Քննչական կոմիտեից հանձնվել էր Հատուկ քննչական ծառայություն: Սակայն հետագայում Ծառուկյանի անունը գործի նյութերում չի շրջանառվում: Եթե Բաբայանին առաջադրված մեղադրանքը հաստատվի, քննչական մարմինները պետք է դիմեն ԱԺ` Բաբայանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: