Արմինֆո.Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):
Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր: Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /յուրացում/, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /վատնում/ և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:
Մ. Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: