Արմինֆո.«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամիե հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանն այսօր՝ փետրվարի 12-ին, աշխատանքային այցով կմեկնի Դամասկոս:
Քառօրյա այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում ականազերծման ոլորտում գործունեություն ծավալող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների և մասնագետների հետ՝ համագործակցությունն առավել արդյունավետ և թիրախավորված դարձնելու նպատակով: ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրենը նաև կայցելի Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներին:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: