Արմինֆո. Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանը (ՀԱՊՀ) ստորագրեցին տեխնիկական մասնագետներ պատրաստելու համագործակցության պայմանագիր: Իրենց ստորագրությունները փաստաթղթի ներքո դրեցին «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼե ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը և ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Պայամանագրի համաձայն՝ ՀԱՊՀ-ն պարտավորվում է ապահովել իր շրջանավարտների նպատակային նախապատրաստումը ԱՐՄԵՆԱԼում աշխատելու համար: Բուհի ուսումնական ծրագրերը նաև կուրսային և ավարտական աշխատանքների թեմատիկան կվերանայվեն ձեռնարկության պահանջներին համապատասխան: Պոլիտեխնիկական համալսարանը կօգնի ԱՐՄԵՆԱԼի աշխատակիցներին որակավորման բարձրացման, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսուցման, թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության կազմակերպման և գիտաժողովների մասնակցության գործում:
ԱՐՄԵՆԱԼը իր հերթին պատրաստ է հաստիքակազմի համապատասխան ապահովել ՀԱՊՀ շրջանավարտներին պայմանագրում նշված մասնագետությունների գծով աշխատատեղերով: Ուսանողների համար գործարանը կկազմակերպի արտադրական և նախադիպլոմային պրակտիկա, կհատկացնի փորձառու ճարտարագետներ կուրսային և ավարտական նախագծերի ղեկավարման նպատակով:
<Մեր պայմանագրի գործունեության ժամկետը 5 տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ, - ասել է «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼե ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը: - Այս փաստաթուղթը դարձավ տրամաբանական շարունակությունը 2002 թ. հունիսին Պոլիտեխնիկական համալսարանի և ԱՐՄԵՆԱԼի միջև կնքված պայմանագրի՝ հիմք ստեղծելով մեր գործարանի և հանրապետության առաջատար տեխնիկական բուհի միջև արգասավոր ու փոխշահավետ համագործակցության համար>:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում նշել էր, որ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարեւոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են: <Կառավարության միջնորդությամբ եւ քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ: Այսպիսով՝ մասնավոր հատվածը կրթական համակարգում ներդրումներ անելու շատ կոնկրետ շահագրգռություն է ստանում. նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ուսումնարաններին, որ նրանք պատրաստեն այդ ընկերություններին անհրաժեշտ կադրեր: Ինչը նշանակում է, որ շրջանավարտների առնվազն մեծ մասը կունենա երաշխավորված աշխատանք: Ամենաուրախալին այն է, որ այս գործընթացը ծավալվում է նաեւ մարզերում: Հիմա արդեն մոտ երկու տասնյակ պայմանագրեր են կնքվել տեքստիլ, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության, դիզայնի եւ այլ բնագավառներում: Առաջիկայում սպասվում է եւս մոտ մեկ տասնյակ պայմանագրերի ստորագրում>,- գրել էր նա: