Արմինֆո. Առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսության կառուցմանը: Այդ մասին փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 5-ամյա ծրագիրը:
Նրա խոսքով, առաջիկա հինգ տարում երկրի զարգացման շարժիչ ուժը պետք է լինի մարդկային միտքը, ինտելեկտը և նախաձեռնությունը: Գյուղատնտեսության ոլորտում զբաղված մեր հայրենակիցները պետք է ավելի քիչ ֆիզիկական աշխատանք կատարեն և ավելի շատ մտավոր աշխատանք: Տնտեսության բոլոր ոլորտները՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, շինարարություն, քաղաքային տնտեսություն, փոքր և միջին բիզնես, պետք է համապատասխանեն բնապահպանական բարձր չափանիշներին:
Նա նաև նշել է ապրանքների և ծառայությունների արտահանման ակտիվ խրախուսման անհրաժեշտությունը: Արտահանման զարգացումը, վարչապետի խոսքով, իր ղեկավարած կառավարության նպատակադրումների մաս է, և այդ հարցում իրենց դերը պետք է խաղան ինչպես խոշոր ընկերությունները, այնպես էլ փոքր և միջին բիզնեսը, ինչպես նաև միկրոբիզնես: Սակայն, արտադրանքի և ծառայութունների արտահանումը պետք է հենված լինի ժամանակակից տեխնոլոգիաների վրա, այդ թվում՝ ինտերնետային առևտրի օգտագործմամբ:
Կոչ անելով հայրենակիցներին նախապատվությունը տալ հայրենական
ապրանքներին և ծառայություններին՝ վարչապետը միաժամանակ նշել է, որ մեր տնտեսության զարգացման հեռանկարը արտահանումն է, որում մենք ունենք անսահմանափակ հնարավորություններ, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, մյուս կողմից Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրեր ունի մի շարք երկրների, ինչպես օրինակ՝ Իրանի և Վիետնամի հետ: Հայաստանն օգտվում է Արևմտյան մի շարք երկրների հետ արտոնյալ GSP և GSP+ համակարգերից: <Անհրաժեշտ է հասնել այն բանին, որպեսզի մեր ապրանքները և ծառայությունները համապատասխանեն միջազգային ստանդարտներին, և Հայաստանի կառավարույունն այդ հարցում անհրաժեշտ աջակցույթուն կցուցաբերի՝ ապահովելով միջազգային շուկաների հասանելիությունը>,- ասել է կառավարության ղեկավարը: Կառավարության խնդիրներից մեկը, շարունակել է Նիկոլ Փաշինյանը, հանքանյութ արտահանող երկրից պատրաստի արտադրանք արտահանող երկիր դառնալն է: Այդ հարցում կշարունակվի հարկային արտոնությունների, վարկերի հասանելիության ապահովման, տոկոսադրույքների կրճատման քաղաքականությունը: Գործադիր իշխանության կարևորագույն խնդիրներից մեկը ֆինանսական կայունության պահպանումը կլինի: <Համոզված ենք, որ Կենտրոնական բանկը կկարողանա արդյունավետ կերպով կառավարել այս խնդիրը>,-նշել է Փաշինյանը:
<Մեր երկրի տնտեսական աճի մոդելը մեծ կախվածության մեջ է փոքր թվով խոշոր ընկերություններից, և Հայաստանում կան ընկերություններ, որոնց ղեկավարության տվյալ օրվա տրամադրություններն ու քմահաճույքները կարող են էական ազդեցություն ունենալ տնտեսության ընթացիկ վիճակի վրա: Մեր նպատակադրումն է ստեղծել այնպիսի տնտեսական համակարգ, որ ՀՆԱ-ի ձևավորմանը մասնակցեն հնարավորինս մեծ թվով ընկերություններ ու քաղաքացիներ: Սա չի նշանակում, որ մենք բացասական ենք վերաբերվում խոշոր ընկերություններին, մենք հույս ունենք, որ այդ թիվը կմեծանա, բայց մյուս կողմից ՀՆԱ-ի արդյունքի վրա մեկ ընկերության ազդեցությունը էական չի լինի>,- ասել է Փաշինյանը: