Արմինֆո.Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու ռազմարդյունաբերական համալիրը առաջնային են կառավարության նոր ծրագրում:
Փետրվարի 8-ին կառավարության նիստից հետո լրագրողներին այդ մասին հայտարարել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, հավելելով, որ այդ ոլորտները զարգանալու են հեղափոխական տեմպերով: Ադյ ուղղությունների զարգացման համար կստեղծվի Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն` գործող Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության հիման վրա:
Նախարարի ասելով, զգալի աճ կարձանագրվի գիտատեխնիկական և հետազոտական ոլորտում` ռազմարդյունաբերական համալիրիր գծով: Նա նշել է, որ խոսելով ՌԱՀ մասին, շատերը պատկերացնում են տանկեր և թնդանոթներ, սակայն արդի աշխարհում մարտի վարման կանոնները փոխվել են, և հին տեխնոլոգիաներից զատ կիրառվում են ռադիոէլեկտրոնային, ինֆորմացիոն սպառազինություն, անօդաչու թռչող սարքեր, կապի միջոցներ, ռադիոտեղորոշման միջոցներ և այլն: Նախարարի համոզմամբ, տեխնոլոգիաների ներդրումը հնարավոր է դարձնում «միավորի արդյունավետության բազմապատկման՚ կոնցեպտի իրագործումը, երբ մարտի դաշտում հակառակորդի նկատմամբ գերազանցության են հասնում ոչ թե քանակի, այլ որակի հաշվին:
Հակոբ Արշակյանը նաև հաղորդել է, որ նախարարության կազմում նախատեսվում է ստեղծել պետական վաճառքի ռազմավարական թիմ, որի գործունեությունը միտված կլինի ապրանքների, ծառայությունների պորտֆելի և գիտահետազոտական ներուժի ստեղծմանը, այն կզբաղվի տեխնոլոգիաների անմիջական «առևտրով՚ և փոխանակմամբ օտարեկրյա գործընկերների հետ: Նախարարը հիշատակել է "ArMath" լաբորատորիայի մասին, որի կոնցեպտը Հայաստանը «վաճառում է՚ այլ երկրների նույն հայեցակարգային բովանդակությամբ: «Այսինքն, կրթական մոդելներն ու լաբորատորիաների զինումը վաճառվում է անմիջականորեն Հայաստանից՚, - ասել է նա, հեղափոխական համարելով նման մոտեցումը, երբ պետությունը պարտավորվում է ընկերությունները ներկայացնել արտաքին շուկաներում: Համանման աշխատանք է ակնկալվում նաև ՌԱՀ ոլորտում:
Անդրադառնալով կառավարության գործունեության հնգամյա ծրագրում թվային ցուցանիշների բացակայության համար մեղադրանքներին` Արշակյանը նշել է, որ թվերը քննարկվել և ներկաայցվել են, սակայն չի ասել, թե դրանք ինչ ձևաչափով կհրապարակվեն այս փուլում: Նա կոչ է արել փաստաթղթում փնտրել ոչ թե թվեր, այլ որոշակի թեզիսներ երկրի հետագա զարգացման վերաբերյալ Հայաստանի կառավարության տեսլականի մասին: