Արմինֆո. Ռոսպոտրեբնադզորը Եվրասիական տնտեսական միությանը կոչ է անում սննդի արդյունաբերությունում սահմանել բուսայուղերում եւ ճարպերում առողջության համար վնասակար գլիցիդիլային եթերների ու գլիցիդոլի առավելագույն պարունակության նորմատիվներ, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ռոսպոտրեբնադզորում պատմել են, որ եթերների առաջացման պատճառը բուսայուղերի տեխնոլոգիական մշակումն է (բարձր ջերմաստիճանի ազդեցություն, տարբեր բաղադրիչների օգտագործում): Ռոսպոտրեբնադզորը, հաշվի առնելով գիտական հետազոտությունների տվյալները, անհրաժեշտ է համարում այնպիսի պահանջների ներառումը Եվրասիական տնտեսական միության իրավանորմատիվային ակտերում, որոնք սահմանում են գլիցիդիլային եթերների կամ գիցիդոլի առավելագույն մակարդակի նորմատիվները սննդի արդյունաբերության արտադրանքում, ինչպես նաեւ որոշակի տեսակի մանկական սննդում (վերամշակված հացահատիկների, մանկական խառնուրդների վրա հիմնված սննդամթերք և այլն):
Այդ առնչությամբ Ռոսպոտրեբնադզորը նյութեր է նախապատրաստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համար՝ սանիտարահամաճարակային ստուգման ենթակա մթերքների նկատմամբ պահանջների փոփոխությունների ընթացակարգի անցկացման նպատակով։ Բացի այդ, գերատեսչությունում պատմել են, որ լրամշակվում է սննդամթերքում նշված նյութերի հետազոտման մեթոդաբանությունը: