Արմինֆո. «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Քյոլնում Գերմանիայի հայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը` պատասխանելով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցին:
«Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե ոչ: Եվ հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:
Նա մեկնաբանել է նաև սոցցանցերում և մամուլում հայտնված հաղորդումներն այն մասին, թե Հայաստանի նկատմամբ, իբր, ճնշում է գործադրվում կարգավորման գործընթացում: «Մի օր հրավիրել եմ արտաքին գործերի նախարարին՝ պարոն Մնացականյանին, և հարցրել եմ, ասել եմ՝ «կարո՞ղ է մեզ վրա ճնշում են գործադրում` ես գլխի չեմ», որովհետև Հայաստանի Հանրապետությունում այնպիսի տպավորություն է, որ ամենաչտեղեկացված մարդիկ Արցախի խնդրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ես եմ, մեկ էլ պարոն արտաքին գործերի նախարարը, մնացածը տեղեկացված են», - կատակել է վարչապետը։