Արմինֆո. 86 տարեկանում մահկանացուն է կնքել հանրահայտ կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր Միշել Լեգրանը։ Այս մասին հայտնել է Le Monde-ը` հղում Լեգրանի մամուլի խոսնակին։
Միշել Լեգրանը ծնվել է Փարիզում` կոմպոզիտոր, դիրիժոր ու նվագախմբի ղեկավար Ռայմոն Լեգրանի և դաշնակահարուհի, ազնվական հայկական ընտանիքից սերած Մարսել Տեր-Միքայելյանի ընտանիքում։ Միշելը 10 տարի ապրել է մորական պապի` Սարգիս Տեր-Միքայելյանի հետ, որը 1915 թվականին Ֆրանսիա էր փախել Օսմանյան կայսրությունից ։
Լեգրանը գրել է մոտ 800 ստեղծագործություն 250 ֆիլմի համար։ Միշել Լեգրանը երեք անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի, հինգ անգամ` «Գրեմմիի», մեկ անգամ` BAFTA, մեկ անգամ` «Ոսկե գլոբուս»։ Նա Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետ է։ Նրա հետ աշխատել են այնպիսի հայտնի երգիչներ, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Ժան Կոկտոն, Ֆրենկ Սինատրան, Էդիթ Պիաֆը:
Լեգրանն առաջին անգամ Հայաստան է եկել 2004 թվականին` Շառլ Ազնավուրի հետ համատեղ համերգի։ Մեծ կոմպոզիտորը պատմական հայրենիք է եկել նաև 2009, 2012 և 2017 թվականներին։