Արմինֆո.Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի դավոսյան հանդիպումը վկայում է ղարաբաղյան բանակցությունները Ռուսաստանի բացառիկ տիրույթից ԵԱՀԿ ՄԽ հուն վերադարձնելու՝ ԱՄՆ և ԵՄ մտադրության մասին, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Հունվարի 23-ին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը: Հանդիպման արդյունքների համաձայն՝ Փաշինյանը հայտարարել է, որ որևէ կոնկրետ դետալ չի քննարկվել:
<Կարծում եմ՝ բանակցային գործընթացի տվյալ փուլում տեղի է ունենում կասեցված բանակցային գործընթացի վերականգնման, Մինսկի խմբի դերի ամրապնդման, այլ ոչ թե՝ դրա կարգավորման փորձ: Եվ Դավոսի հանդիպման և Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի և, գլխավորը, նրա երևանյան հայտարարության միջև անմիջական կապ կա: Երկու իրադարձություններն էլ ուղղված են տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազեցմանը: Եվ նման դասավորությունը մանևրելու հնարավորություն է տալիս Հայաստանին, ինչից երկիրը զրկված էր՝ Սերժ Սարգսյանի շնորհիվ: Եվ, իհարկե, այստեղ բանակցությունների միջոցով հակամարտության կառավարման հնարավորություն է նկատվում>,- նշել է նա:
Նախորդ տարվա հոկտեմբերի 24-26-ը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Այցին նախորդել էին Մոսկվայում Բոլթոնի բանակցությունները: Ռուսաստանցի փորձագետները ՌԴ շահերին հակասող համարեցին Ջոն Բոլթոնի կովկասյան շրջագայությունը, որը, նրանց համոզմամբ, վկայում էր Կովկասի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության աշխուժացման մասին: Մոսկվայի նյարդային արձագանքը պայմանավորված էր, առաջին հերթին, Երևանում Բոլթոնի բարձրացրած հարցերով:
Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, Մոսկվան նոր բանակցային գործընթացով ակնհայտորեն շահագրգռված չէ, իսկ Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպումն ակնհայտորեն անակնկալ էր նաև Ռուսաստանի համար: Սաֆարյանի կարծիքով, դա նկատելի է կրեմլյան բավականին լուրջ վերլուծաբանների վերջին հայտարարությունների և հոդվածների վերլուծության արդյունքում:
<Նկատի ունենալով հետագա դավոսների Մոսկվայի շահագրգռվածության բացակայությունը՝ Երևանը պետք է պատրաստ լինի դրանք կանխելու համար Ռուսաստանի հնարավոր ներգործությանը: Դա կարվի, ցավոք, մեզ արդեն ծանոթ մեթոդներով: Այդպիսով՝ նույնիսկ չնայած Արևմուտքի հետ առճակատման գնալու Ադրբեջանի ոչ մեծ հնարավորություննեին, սկսելով գործել Մոսկվայից ազդանշանով՝ բանակցային գործընթացը նորմալ հուն վերադարձնելու ԱՄՆ և ԵՄ փորձերը զգալիորեն բարձրացնում են հակամարտության ռազմական փուլի անցման ռիսկերը>,,- ամփոփել է վերլուծաբանը: