Արմինֆո.<Բագրատաշեն> անցակետում երեկվանից տեղի է ունենում առևտրականների բողոքի ակցիան, ովքեր Վրաստանով Թուրքիայից ապրանքներ են ներմուծում Հայաստան:
Նրանք քիչ առաջ են բացել մաքսակետի մուտքն ու ելքը, որը փակ էր նախօրեից: Ակցիայի մասնակիցների հետ բանակցելու համար Բագրատաշեն է ժամանել
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Առևտրականները հայտարարել են, որ ճանապարհը բացել են Վանեցյանի խնդրանքով: <Արթուր Վանեցյանի հետ հանդիպման ընթացքում մենք բացատրել ենք մեր բողոքի պատճառը: Նախկինում Վրաստանից ապրանքների ներմուծումը սահմանափակված չէր, հիմա մենք իմացանք, որ կարող ենք ներմուծել միայն 25 կգ, քանի որ փոփոխություններ են տեղի ունեցել օրենսդրությունում: Իհարկե, Վանեցյանն ասել է, որ այսօր բացառություն կարվի, և մենք կկարողանանք մաքսակետով անցկացնել կուտակված բեռը, բայց այսուհետ գործելու են նոր կանոններ>,- բացատրել են բողոքի մասնակիցները:
Նրանք նաև նշել են, որ մինչև վերջին ժամանակներս փոստով բեռ են պատվիրել Թուրքիայից և վերցրել դրանք Վրաստանից ՝ ընդգծելով, որ առևտրականների մեծ մասը տեղյակ չեն եղել օրենքում փոփոխությունների մասին:
Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ:
Պետեկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կանոնակարգի համաձայն` եթե ֆիզիկական անձինք մաքսային տարածք են ներմուծում անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար: