Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հունվարի 22-ի առավոտյան հանդիպել է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության հետ համագործակցությամբ և մեր երկրում վերջինիս հնարավոր գործունեությամբ: Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, և այդ նպատակով տնտեսական ոլորտում նախատեսվում են մեծ և իրական փոփոխություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում առկա է տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժ, և այդ առումով «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս»-ի գործունեությունը կարող է լինել հեռանկարային:
Քրիստինա Ահմաջյանը կարևորել է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներդրումային նոր ծրագրերի ներգրավման առումով և պատրաստակամություն է հայտնել օժանդակել ՀՀ կառավարությանը` ճապոնական տարբեր ընկերությունների հետ կապեր և համագործակցություն հաստատելու գործում: Ճապոնական ընկերության խորհրդի անդամը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է հետագա համագործակցության նպատակով այցելել Հայաստան:
Նշենք, որ Mitsubishi Heavy Industries ճապոնական ընկերությունը ներառված է Mitsubishi Group- ում: Այն հիմնադրվել է 1934 թվին Mitsubishi-ի ավիաշինական եւ նավաշինական մասնաճյուղերի միաձուլման արդյունքում: Ընկերությունն զբաղվում է աերոտիեզերային համակարգերի արտադրությամբ, նավաշինությամբ, էներգետիկ համակարգերի եւ ավտոմոբիլային մարտկոցների, մեքենաների, տանկերի, հողմատուրբինների արտադրությամբ: