Արմինֆո. Ռուսաստանին իր ցանկացած ազգության քաղաքացիների պաշտպանությանն առնչվող քայլերի վերաբերյալ ցուցում տալու իրավունք չունի ոչ Ադրբեջանը, ոչ որևէ այլ երկիր: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵվրԱզԷս ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը ՌԴ ԱԳՆ հայտարարությանը:
Հունվարի 11-ի ճեպազրույցում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիներին ազգային պատկանելության հատկանիշով ձերբակալելն ու արտաքսելը որակել է «նրանց իրավունքների կոպիտ խախտում՚:
Հունվարի 19-ին Ադրբեջանի ԱԳՆ հրապարակել է պատասխան հայտարարություն, որում նշված է, թե «Ադրբեջանն ու Ռուսաստանն իրավահավասար ինքնիշխան պետություններ են, և Ադրբեջանի հետ վերջնագրի տոնով խոսելն անթույլատրելի է և լիովին հակասում է դիվանագիտության էթիկական նորմերին: «Ադրբեջանական կողմը համարժեք գործողություններ կձեռնարկի` ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հետագա քայլերին համապատասխան՚, - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Իմ կարծիքկով, տվյալ հարցում մեր ԱԳՆ դիրքորոշումը բավականին պարզ է. Սմոլենսկի հրապարակում հստակ հասկացրեցին, որ մեծ ուշադրությամբ են վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններին: Եվ այստեղ որևէ կոշտություն փնտրելու հարկ չկա, հայտարարությունը միանգամայն նորմալ է և, գլխավորը, դուրս չի գալիս դիվանագիտական էթիկայի շրջանակներից: Համոզված եմ, որ ռուսաստանցի և ադրբեջանցի դիվանագետներն անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկեն իրավիճակը հարթելու նպատակով՚ - ընդգծել է վերլուծաբանը:
Լիպյոխինը համոզմունք է հայտնել, որ ՌԴ ԱԳՆ արձագանքը, ընդհանուր առմամբ, տեղավորվում է ռուս-հայկական հարաբերությունների հունում, ենթադրելով, որ եթե խնդիրն առնչվեր Հայաստանին, ապա միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքի նման օպերատիվություն չդրսևորեր:
Բաքվի օդնավակայանում Ռուսաստանի հայազգի քաղաքացիների ձերբակալության և արտաքսման վերջին դեպքը նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին Քրիստինա Գևորգյանին առնչվող միջադպեն էր: