Արմինֆո.Ուժեղացնելով աղդեցությունը Նախիջևանում և ստեղծելով աշխարհաքաղաքական պլացդարմ` Թուրքիան ձգտում է գերիշխանության Հարավային Կովկասում` ապագայում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Իմ կարծիքով, վերջին տարիներին Նախիջևանում դիտվող Թուրքիայի ռազմաքաղաքական աշխուժությունը հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդնում: Այդ ամենը միասին Թուրքիայի ազդեցության էական մեծացմանը նպատակաուղղված ընդհանուր ռազմավարության մաս է: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այդ տարածաշրջանում թուրքական ռազմակայանի ստեղծման ծրագրերին՚, - ընդգծել է նա:
Թուրքագետի կանխատեսմամբ, Անկարայի այդ քաղաքականությունը նպատակ ունի մի քանի անգամ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, որի համար Հարավային Կովկասը կարևորագույն աշխարհաքաղաքական նշանակություն ունի: Այդպիսով, նրա գնահատմամբ, տարածաշրջանում ազդեցությունն ուժեղացնելու Թուրքիայի փորձերը բախվում են, առաջին հերթին, Ռուսաստանի շահերին, որը Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր գերակա ազդեցության գոտի:
Սաֆրաստյանը համոզված է, որ Նախիջևանում ռազմակայան ստեղծելու Անկարայի ծախսատար և բավականին լուրջ ծրագրերը հարկավոր է դիտարկել թուրքական մեկ այլ նախաձեռնության հետ համալիրում: Նախիջևանում ռազմակայանը կոչված է ժամանակի ընթացքում համալրելու արդեն ստեղծված Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմաքաղաքական առանցքը:
Այդ լույսի ներքո նա ուշադրություն է հրավիրել Անկարայի ռազմավարական դաշնակից Ադրբեջանի ևս մեկ քայլին, որը վերջերս սահմանապահ զորք է տեղակայել Հայաստանի հետ սահմանին: Այլ խոսքով` զորք, որի հանդերձանքը, սպառազինությունը, հետևաբար, հարձակվողական հնարավորություններն անհամեմատելի են զորակոչիկներից կազմված զորքի հետ:
«Այդպիսով, հարկ է փաստել Հայաստանի նկատմամբ մեր երկու հարևանների դրական տեղաշարժերի լիակատար բացակայությունը: Վերը թվարկված հանգամանքների հետ միասին` դա սկզբունքորեն նոր իրավիճակի և, համապատասխանաբար, Հայաստանի անվտանգության համար նոր մարտահրավերների և սպառնալիքների առաջացման նախադրյալներ է ստեղծում: Նման հեռանկարն անտեսելը, պարզապես, անհնար է: Թե Հայաստանը, թե Արցախը պետք է դրան պատրաստ լինեն, առաջին, հերթին, հետևողականորեն բարձրացնելով զինված ուժերի մարտունակության մակարդակը՚, - ամփոփել է Սաֆրաստյանը:
2014 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել նոր դիվանագիտական ձևաչափի` պաշտպանության նախարարների եռակողմ հնանդիպման ստեղծման շուրջ, որն անցկացվում է տարին երկու անգամ: Կողմերը կանոնավոր համատեղ զորավարժություններ են անցկացնում: Երեք երկրների պաշտպանության նախարարների միջև արդեն կայացել է հինգ հանդիպում Նախիջևանում: Ռազմական ոլորտում համագործակցությանը զուգընթաց անցկացվում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումներ: