Արմինֆո. Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը: «Թուիթերի՚ իր էջում այդ մասին գրառում է կատարել Հայաստանում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
«Ուրախ եմ հաստատել, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը՚, - նշել է դեսպանը:
ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատն այդ համաձայնագիրը վավերացրել էր 2018 թվականի հուլիսի 11-ին, իսկ Լորդերի պալատը` հուլիսի 18-ին: Դեսպանի գրառումը պյամանավորված է այն հանգամանքով, որ Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է վավերացումը:
Այդպիսով, Միացյալ Թագավորությունը դարձավ 10-րդ եվրոպական երկիրը, որը վավերացրել է այդ համաձայնագիրը: Միևնույն ժամանակ, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև տարեվերջ համաձայնագրի վավերացման գործընթացը չի ավարտվի: