Արմինֆո. ՀՀԿ-ից նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ, չի ցանկանում իր կալանքի հարցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այդ մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցոիմ հայտարարել է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Փաստաբանի խոսքով, ավելի վաղ, երբ դատարանները բավարարում էին Մանվել Գրիգորյանին կալանավորելու՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, պաշտպանությունն առաջարկել էր Մանվել Գրիգորյանին դիմել Եվրոպակա դատարան: <Սակայն, նա հրաժարվել է այդ գաղափարից՝ հայտարարելով, որ Հայաստանին դատի չի տա>,- հայտարարել է Բաղդասարյանը:
Անդրադառնալով տեղեկություններին, որ Մանվել Գրիգորյանը մտադիր է բուժման նպատակով մեկնել Ֆրանսիա՝ փաստաբանը հայտնել է, որ գեներալը նախքան կալանավորվելը պետք է բուժման կուրս անցներ Ֆրանսիայում, բայց հայտնի պատճառներով չկարողացավ դա անել: Այժմ գտնվելով մեղադրյալի կարգավիճակում՝ հայտնի չէ, թե կկարողանա մեկնել Ֆրանսիա, ասել է Բաղդասարյանը: Դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: