Արմինֆո.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունվարի 20-26-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) են գործուղվել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Սոս Ավետիսյանը:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում, որը կմեկնարկի հունվարի 21-ին և կտևի մինչև հունվարի 25-ը, կներկայացվեն Վրաստանի նախագահական ընտրություններում (հոկտեմբերի 28-ին և նոյեմբերի 28-ին) և Հայաստանի խորհրդարանական ընտրություններում (դեկտեմբերի 9-ին) կազմակերպության դիտորդների աշխատանքի արդյունքները: Խորհրդարանականները նախատեսում են նաև քննարկել հարցերի լայն շրջանակ՝ լրատվամիջոցների օբյեկտիվությունից ու ազատությունից մինչև մարդու իրավունքների պաշտպանությունը՝ իրավաբանության, անվտանգության և համացանցի կոնտեքստում: