Արմինֆո.Հունվարի 17-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Թալին, Աշտարակ քաղաքներում, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու մարզերում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձնաբուք է: Աշոցքի տարածաշրջանում տեսանելիությունը 20-22 մ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 83 բեռնատար, 59 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: