Արմինֆո. Չկա այնպիսի բանակցություն, որի արդյունքում Հայաստանը կարող է տարածք զիջել Ադրբեջանին` առանց Արցախի վերջնական կարգավիճակի հստակ սահմանման: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը` մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների փարիզյան հանդիպումը:
Հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հայաստանի ԱԳՆ հաղորդման համաձայն,
երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարևորությունն առավել մեծ փոխըմբռնում և փոխվստահություն հաստատելու գործում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին իրենց հանդիպումից հետո տեղի ունենալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, ինչպես նաև համանախագահների օրացույցում ներառված առաջիկա քայլերի շուրջ։
«Հույսը մահանում է վերջինը: Նախարարների բանակցությունների ձևն, անշուշտ նոր է, սակայն բովանդակությունը` հին: Բոլոր այդ բանակցությունները, ողջ դիտորդական աշխուժացումը, իհարկե, լավ է, սակայն չկա ամենագլխավորը` Արցախի կարգավիճակի սահմանումը: Բաքուն, առաջվա նման, խոստանում է ընդամենը ինքնավարության բարձրագույն աստիճան, իսկ այդ ամենը մենք արդեն անցել ենք՚, - հիշեցրել է դիվանագետը:
Այդ լույսի ներքո` Նավասարդյանը ոչ մի նոր բան չի ակնկալում բանակցային գործընթացի դիտվող աշխուժացումից, ընդսմին շատ դրական գնահատելով դրա բուն փաստը, քանի որ նախարարներն ու պետությունների ղեկավարները, իհարկե, պետք է հանդիպեն: «Ժամանակին դեռ կարդինալ Ռիշելիեն է ասել. եթե չեք ցանկանում պատերազմ, ապա հարկավոր է բանակցություններ վարել՚, - նկատել է դիվանագետը:
Բաքուն դեռ Հայաստանի միակողմանի զիջման հույսեր է փայփայում, սակայն, բոլոր այդ հույսերը, նախկին փոխարտգործնախարարի գնահատմամբ, անհիմն են: Երևանի նոր իշխանությունների կողմից Արցախի «մոտալուտ վաճառքի՚ մասին հայտարարում են նաև Հայաստանի որոշ ուժեր, մոռանալով, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հրապարակավ արտահայտվել է Արցախի որոշ շրջաններ հանձնելու պատրաստակամության մասին: Նավասարդյանը նման խոսակցությունները համարում է լիակատար անհեթեթություն, կարծելով, որ Հայաստանը երբեք չի գնա միակողմանի զիջումների Ադրբեջանին:
«Երևանում ղեկավարության փոփոխության առնչությամբ Հայաստանից ինչ-որ զիջումներ, «Ադրբեջանին ընդառաջ քայլեր՚ է ակնկալում նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Իմ կարծիքով` զուր է ակնկալում, քանի որ Երևանը չունի միակողմանի զիջման հնարավորություն և, գլխավորը, մտադրություն՚, - ամփոփել է դիվանագետը:
Հունվարի 16-ին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել «աջակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որը արդեն ձեռք է բերել հին հակամարտության ուրվագծեր, սակայն լիովին ենթակա է կարգավորման` Երևանի և Բաքվի բարի կամքի առկայության, ինչպես նաև միջազգային հանրության աջակցության դեպքում՚: «Կարծում եմ, որ հանգուցալուծում որոնելու պատրաստակամության մասին նաև Բաքվից հնչող հայտարարություններն արժանի են ամենայն աջակցության: Հուսով ենք, որ մեր հայ բարեկամները կպատասխան փոխադարձությամբ՚, - ընդգծել է Լավրովը: