Արմինֆո.Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասում է՝ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուքների հետեւանք էր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի, շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:
«Փառք աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է վերականգնել եւ վերադարձնել շենքի մշակութային արժեքը: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն էնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուքների հետեւանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից եւ հանգիստ շարունակել աշխատանքները», - ասում է գլխավոր ճարտարապետը, հույս հայտնելով, որ մշակույթի նախարարությունը, որի իրավասության տակ են հուշարձանները, «Հին Երեւանի» ճարտապետի հետ միասին կմշակի մի նախագիծ, որով կապահովվեն գոյություն ոնեցող հուշարձանների պահպանությունը, եւ հուշարձանների շուրջ տեղի ունեցող որեւէ շինարարություն չի վնասի գոյություն ունեցող կառույցները:
Ինչպես արդեն հաղորդել ենք, հունվարի 11-ին Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): «Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ փորձեր են ձեռնարկվում 18 դարում կառուցված այդ շենքի փրկության ուղղությամբ, որը գտնվում է պահպանվող հուշարձանների ռեեստրում: Մշակվել էր շենքի վերականգնման չորս տարբերակ, և ընտրվել էր դրանցից չորրորդը: Սակայն, քանի դեռ քննարկումներ էին ընթանում, շենքի պատը փլուզվեց: Շենքում պարապմունքներ էր անցկացնում համաշխարհային ճանաչում ունեցող «Հայաստանի փոքրիկ երգիչներ՚ մանկական երգչախումբը: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել էին երգչախմբի սաների ծնողները և դպրոցի աշխատակիցները, ամեն ինչ սկսվել է ճարտարապետական հուշարձանի անմիջական հարևանումթյամբ հերթական էլիտար շենքի շինարարությունցի: Շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառուները, մանկավարժների ասելով, խախտել են շինարարական բոլոր նորմերը, ինչի արդյունքում հին շենքի հիմքը սկսել է խարխլվել, իսկ պատերին գոյացել են խորը ճեղքեր: