Արմինֆո. Իրանը պատրաստ է անհրաժեշտ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման համար: Այդ մասին Trend- ին հայտնել է Ադրբեջանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն:
«Իրանը միշտ հայտարարել է, որ ցանկացած հակամարտություն վնասում է տարածաշրջանի երկրներին: Իրանը վերապրել է ութամյա պատերազմը եւ տեղյակ է դրա հետեւանքների մասին: Հակամարտություններն ու պատերազմները նաեւ բարոյական վնաս են հասցնում մարդկանց», - ասել է դեսպանը:
Ջահանգիրզադեն նշել է, որ Ստամբուլում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպման ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը բացահայտ կերպով արտահայտել է Իրանի դիրքորոշումը այս հարցում, եւ երկիրը մտադիր չէ հրաժարվել այդ դիրքորոշումից:
Հիշեցնենք, որ 2018 թ. հոկտեմբերին Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների վեցերորդ եռակողմ հանդիպումից հետո ստորագրվել է Ստամբուլի հռչակագիրը: Նախարարները կարեւորել են իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային ճանաչում ունեցող սահմանների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքի եւ դրանց պաշտպանության, ինչպես նաեւ բոլոր վեճերի խաղաղ կարգավորման եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վերաբերյալ: Այս առումով արտգործնախարարները մեկ անգամ եւս ընդգծել են ղարաբաղյան հիմնախնդիրը վերը նշված սկզբունքների հիման վրա կարգավորելու անհրաժեշտությունը: