Արմինֆո. Հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պատահարի հետևանքով Արամի փողոցի տվյալ հատվածը որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար: Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): «Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և մեկ դաշնամուր տեղափոխել անվտանգ հատված: Կտրվի լրացուցիչ տեղեկություն՚, - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ փորձեր են ձեռնարկվում 18 դարում կառուցված այդ շենքի փրկության ուղղությամբ, որը գտնվում է պահպանվող հուշարձանների ռեեստրում: Մշակվել էր շենքի վերականգնման չորս տարբերակ, և ընտրվել էր դրանցից չորրորդը: Սակայն, քանի դեռ քննարկումներ էին ընթանում, շենքի պատը փլուզվեց: Շենքում պարապմունքներ էր անցկացնում համաշխարհային ճանաչում ունեցող «Հայաստանի փոքրիկ երգիչներ՚ մանկական երգչախումբը: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել էին երգչախմբի սաների ծնողները և դպրոցի աշխատակիցները, ամեն ինչ սկսվել է ճարտարապետական հուշարձանի անմիջական հարևանումթյամբ հերթական էլիտար շենքի շինարարությունցի: Շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառուները, մանկավարժների ասելով, խախտել են շինարարական բոլոր նորմերը, ինչի արդյունքում հին շենքի հիմքը սկսել է խարխլվել, իսկ պատերին գոյացել են խորը ճեղքեր: