Արմինֆո. Ռուսական գազի շուրջ ստեղծված իրավիճակը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հերթական առիթ է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Դեկտեմբերի 31-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղորդեց Հայաստանի համար ռուսական գազի առաջիկա թանկացման մասին, ընդսմին համոզմունք հայտնելով, որ սպառողների համար ներքին սակագները կպահպանվեն նախկին մակարդակում, փաստորեն` «Գազպրոմ Արմենիայի՚ մարժայի հաշվին: «Գազպրոմի՚ 100 տոկոսանոց «դուստրն՚ այսօր գազը բնակչությանը վաճառում է 1000 խմ դիմաց 290 դոլարով: Նույն օրը «Գազպրոմը՚ հայտարարեց Հայաստանի սահմանին 1000 խմ գազի գնի 150 դոլարից մինչև 165 դոլար թանկացման մասին:
<Դեռ <Թավշյա հեղափոխության> իրականացման փուլում Փաշինյանը մի քանի անգամ խոստացել էր հասարակությանը նվազեցնել գազի ներքին սակագները: Մինչդեռ այսօր բոլոր ջանքերը գործադրում է՝ գոնե դրա բարձրացումը թույլ չտալու նպատակով: Եվ եթե դա իրեն չհաջողվի, գազի գնի բարձրացումը առիթ կհանդիսանա ժողովրդի համար՝չվստահելու նրա հետագա խոսքերին ու քայլերին: Եվ եթե նա ցանկանում է խուսափել գազի գնի հերթական բարձրացումից և հարակից բոլոր գործընթացներից, ստիպված է որոշակի զիջումների գնալ>,- ընդգծել է նա:
Ըստ որում, քաղաքագետը զարմանք է հայտնել Հայաստանի համար գազի նոր գնի ձևավորման թեմայով բանակցությունների բացակայության առնչությամբ՝ չնայած այն բանին, որ նախկին գների գործողության ժամկետների ավարտի մասին շատ լավ հայտնի էր: <Գազի շուրջ բանակցությունները սկսվել էին Ամանորի նախաշեմին, և այսօր կողմերը փորձում են ինչ-որ հապճեպ պայմանավորվածության հասնել>,- նշել է Ենոքյանը:
Նման ֆոնը և ժամկետները ոչ մի լավ բան Հայաստանին, ըստ քաղաքագետի, չեն խոստանում, քանի որ այդպիսով Մոսկվան հնարավորություն է ստանում քաղաքական բաղադրիչ ներմուծել գազի շուրջ բանակցություններում: Այլ կերպ ասած՝ որոշակի քաղաքական զիջումներ կորզել Հայաստանից՝ գազի նախկին գների պահպանման փոխարեն:
Միևնույն ժամանակ, ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների կարծիքով, նույնիսկ սահմանին գազի արժեքի 1000 խմ դիմաց մինչև 165 դոլար բարձրացման պայմաններում առկա է ներքին սակագների նվազեցման ներուժ: Դա պայմանավորված է, առաջին հերթին, գազի գնագոյացման շուրջ կոռուպցիոն ռիսկերի էական նվազմամբ, եթե ոչ լիակատար վերացմամբ` հենց նույն իշխանափոխության արդյունքում: Այդ առնչությամբ նոր իշխանությունը, դատելով ըստ ամենայնի, արդեն ռուսական ընկերությանը հայտնել է իր պահանջները` խաղի փոխված կանոնների լույսի ներքո: Եվ «գազպրոմ Արմենիայում՚ վերջին ստուգումների արդյունքում արդեն հայտնաբերված էական հարկային խախտումները դրա լավագույն ապացույցն են: Եվ, դատելով ներքին սակագների չփոխվելու վերաբերյալ Փաշինյանի և նրա խոսնակի հայտարարություններից, «Գազպրոմն՚ այդ պահանջներն այս կամ այն չափով հաշվի է առնում: Այդ լույսի ներքո տպավորություն է ստեղծվում, որ սահմանին գազի գնի բարձրացումն առավել ընդունելի փոխզիջումն է երկու կողմի համար: