Արմինֆո.301-րդ հոդվածը Թուրքիայում խոսքի ազատության վերջնական մահն է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը:
Հունվարի 11-ին Դիարբեքիրի դատախազությունը Փայլանին պատգամավորական անձենմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան: Զուգահեռ այդ կառույցը դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարություն՝ խորհրդարանականի նկատմամբ այդ երկրի Քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով հետաքննություն սկսելու թույլտվություն ստանալու համար: Դատախազություն դիմելու հիմքում Փայլանի վերջին հայտարարություններն ու հարցազրույցներն են թուրքական ԶԼՄ-ներին:
<Իմ նկատմամբ ողջ այդ արշավի, բոլոր այդ միջնորդությունների հիմքում ԶԼՄ-ներին իմ հայտարարություններն են՝ արված իմ քաղաք Դիարբեքիրում: Այո, ինձ դուր չի եկել լարված իրադրությունը, ցանկացած այլախոհության ճնշումը, զինծառայողների ու ռազմական տեխնիկայի առկայությունը փողոցներում: Այո, ես բացահայտ հայտարարել եմ այդ մասին, բայց դա ոչ մի կերպ հիմք չի հանդիսանում 301-րդ հոդվածն ընդդիմադիր պատգամավորի դեմ օգտագործելու համար>,- հայտարարել է նա:
Այս առումով խորհրդարանականն իր նկատմամբ իշխանությունների վերջին քայլերը համարում է Թուրքիայում օրինականության և իրավունքի բազմաթիվ խախտումների մասին իր և մյուս պատգամավոր գործընկերներին լռեցնելու փորձ: Այս ամենում ամենասարսափելին և անընդունելին նա համարում է Հրանտ Դինքի սպանության ժամանակներից տխրահռչակ թուրքական ՔՕ 301-րդ հոդվածի <վերադարձը>:
Փայլանի նկատմամբ այդ միջնորդությունը թվով երկրորդն է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. <Հունվարի 14-ին Ձեր իրավասությունները պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո, առաջարկում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալ ի պաշտպանություն Թուրքիայի Մեջլիսի անդամ մեր հայրենակից` Garo Paylan - Կարօ Փայլան-ի: Ինչպես գիտեք, թուրքական պետությունը արդեն տեւական ժամանակ է` Փայլանի դեմ բռնաճնշումներ է բանեցնում, իսկ այս պահին, նրա եւ իր մի շարք գործընկերների դեմ գործ է հարուցված այդ երկրում դեռեւս գործող չարաբաստիկ 301-րդ հոդվածի հիմքերով: Խորհրդարանական համակարգի անցած բացառիկ լեգիտումությամբ այս Ազգային ժողովը հայտարարությամբ նաեւ պետք է ուղերձ հղի Գործադիրին, իսկ մասնավորապես Արտաքին գերատեսչությանը, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում եւ միջազգային կառույցներում մեր դիվանագիտական առաքելություններին հանձնարարել համակարգված աշխատանք տանել Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները դատապարտող հայտարարություններ, ելույթներ եւ բանաձեւեր ընդունելու ուղղությամբ>: