Արմինֆո.Հունվարի 10-ին ՖՄԿ-ում կայացել է ՀՀ ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի և ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) հանդիպումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, շնորհավորելով Լուիզ Մուշիկիվաբոյին գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնման կապակցությամբ` ՀՀ ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի և անձամբ իր աջակցությունը նրա առաքելության իրականացման ընթացքում:
Լուիզ Մուշիկիվաբոն, իր գոհունակությունը հայտնելով հանդիպման կապակցությամբ, նշել է, որ այն իր առաջին պաշտոնական հանդիպումն է, ինչը նաև խորհրդանշական է: Գլխավոր քարտուղարն իր հիացմունքն է արտահայտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, նշելով, որ ՀՀ իշխանությունների և հայ ժողովրդի բացառիկ ներդրման ու ջերմ ընդունելության, ՀՀ ներկայացուցչի անձնական նվիրումի շնորհիվ` Երևանի գագաթաժողովը պսակվեց մեծ հաջողությամբ: Այդ կապակցությամբ գլխավոր քարտուղարը խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել նաև ՀՀ ԱԳ նախարարին և ՀՀ իշխանություններին:
Հանդիպման ժամանակ ՀՀ ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանի և ՖՄԿ միջև համագործակցությանը, հատկապես` Երևանի գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշումների և Հայաստանի, որպես գագաթաժողովի նախագահի, ստանձնած նախաձեռնությունների իրականացմանը: Ի պատասխան՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարը հայտնել է Հայաստանի հետ համատեղ սերտորեն աշխատելու իր պատրաստակամությունը` վերոնշյալ որոշումների և նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև՝ ՖՄԿ 50-ամյակի միջոցառումը Հայաստանի հետ համատեղ կազմակերպման համար: