Արմինֆո.Վերաքննիչ դատարանը հետաձգել է Գլխավոր դատախազության բողոքի քննությունը, որում կասկածի տակ է դրվում նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին չմեկնելու մասին ստորագրությամբ ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ իր դիրքորոշումը չի փոխվել, ինքը ներկայացված մեղադրանքը չի ընդունում եւ համարում է անհիմն: «Կգա ժամանակը՝ ես շա՜տ-շատ բան ունեմ ասելու եւ պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ», - ասել է նա: Մեղադրյալի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ասելով, դատական նիստը չի կայացել, քանի որ Արմեն Գեւորգյանի պաշտպանական կողմը դատախազությունից վերաքննիչ բողոքի պատճեն չի ստացել և հնարավորություն չի ունեցել դրան ծանոթանալ ու ներկայացնել գրավոր առարկություն: Նիստը պետք է կայանա մինչև հունվարի 17-ը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել «մարտի 1-ի գործով՚ արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: