Արմինֆո.Եթե Հայաստանը դուրս չի գալիս Եվրասիական տնտեսական միությունից, ուրեմն՝ մենք պետք է հետևենք վերջինիս գործունեությունը կանոնակարգող բոլոր դրույթների կատարմանը, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Լուսավոր Հայաստան> խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
<Այդ ինտեգրացիոն կազմակերպությունում մշտապես ծագող խնդիրներն արդեն վաղուց ոչ ոքի համար գաղտնիք չեն: Անցած գումարման խորհրդարանում մենք ստիպված փնտրում էինք ամենատարբեր հարթակներ, օգտագործում տարբեր պատվիրակություններում և խմբերում կապերը՝ ինչ-որ կերպ այդ հարցերը հնչեցնելու նպատակով: Այսօր մենք հանգել ենք կառույցի ձևավորման իրական անհրաժեշտության վերաբերյալ եզրակացության, որի անմիջական պարտականությունը կլինի ԵԱՏՄ հետ կապված բոլոր հարցերի կարգավորումը>,- հայտնել է նա:
Այդ պատճառով, նրա խոսքով, <Լուսավոր Հայաստան> խորհրդարանական խմբակցությունը պատրաստվում է նոր գումարման Ազգային ժողով ներկայացնել ԵԱՏՄ հետ աշխատանքների համակարգման մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկ: Որպես նման հանձնաժողով ստեղծելու նպատակ՝ խորհրդարանականը նշում է ԵԱՏՄ գծով Հայաստանի գործընկերների կողմից պարբերաբար կազմակերպության շրջանակներում պայմանագրերի կետերի և ամբողջական պայմանագրերի չկատարումը, ինչպես նաև վերջինիս մի շարք դրույթների՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխանեցման անհրաժեշտությունը:
<Մեր խորհրդարանում կա բավական հաջող գործող՝ եվրաինտեգրման հանձնաժողով: Գտնում ենք, որ եվրասիական անալոգի ստեղծումը միայն կբարձրացնի մեր աշխատանքի և ԵԱՏՄ հետ համագործակցության արդյունավետության աստիճանը>,- ամփոփել է Գորգիսյանը:
Իր ստեղծման սկզբից <Լուսավոր Հայաստանը> նախաձեռնել է ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը՝ կարևորելով այդ հարցը Հայաստանի համար: 2017 թ. սեպտեմբերին <Լուսավոր Հայաստանը> ընդդիմադիր <Ելք> խորհրդարանական խմբակցության կազմում նախաձեռնել է համապատասխան օրինագիծ, որը, սակայն, չի ընդունվել հանրապետական մեծամասնության կողմից: