Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի շուրջ բանակցությունները. ժամկետները նախանշվել են, քանի որ իրավիճակը <ցեյտնոտային> է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
<Այդ թեման /Հայաստանի հետ գազի գնի շուրջ բանակցություններ–խմբ./ շոշափվել է նախօրեին: Պայմանավորվել են ակտիվացնել գազի շուրջ բանակցությունները, քանի որ մինչև երեկ մեր <Գազպրոմի> և հայ գործընկերների միջև ակտիվ բանակցություններ չեն եղել>,–ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում բանակցությունների ընթացքը: Խոսելով բանակցությունների ժամկետների մասին՝ մամուլի քարտուղարը նշել է՝ <մենք ցեյտնոտի մեջ ենք>, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Մինչդեռ, անդրադառնալով Պուտինի հետ հանդիպման արդյունքներին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ հարցի շուրջ առայժմ որոշում չկա: <Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով, իհարկե արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունենրի համար դա չափազանց զգայուն թեմա է, եւ այդ զգայունությունը գիտակցում են թե ՀՀ կառավարությունում, թե Ռուսաստանի Դաշնությունում, բայց ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված եւ հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի>, - ընդգծել է Փաշինյանը։
Նշենք, որ ներկայումս Հայաստանը ռուսական գազ է ստանում 1000 խմ դիմաց 150$ գնով: Սակայն, այդ պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թ. հունվարի 1-ին: