Արմինֆո. Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որն առաջիկայում գլխավորելու է Հայաստանի խորհրդարանը, «Ֆեյսբուքի՚ իր էջում անդրադարձել է Արցախին բարձր մակարդակի ինքնավարություն տրամադրելու և նրա անվտանգությունն ապահովելու Բաքվի պատրաստակամության վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:
«Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին. ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել՚, - գրել է ԱԺ ապագա խոսնակը։