Արմինֆո. 2019 թվականին հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները վկայում են, որ Բաքուն պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջընթացին: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Մամեդյարովի հայտարարությունը կարելի է համարել միայն ապակառուցողական դիրքորոշման ևս մեկ դրսևորում», - ասել է Բաբայանը, անտրամաբանական անվանելով Արցախին լայն ինքնավարություն տրամադրելու պատրաստակամության մասին Մամեդյարովի խոսքերը: <Արցախին Ադրբեջանից ինքնավարություն պետք չէ, այն վաղուց արդեն որոշվել է ժողովրդական հանրաքվեի հիման վրա: Հատկանշական է, որ այս հայտարարություններին զուգահեռ, Բաքուն շարունակում է հանդես գալ ռազմատենչ սպառնալիքներով: Արցախի տարածքների հանձնման և Արցախի ինքնավարության վերաբերյալ անիրատեսական երազանքներին դիմելու փոխարեն, Ադրբեջանի իշխանությունները պետք է փոխեն հռետորաբանությունը և մոտեցումները և սկսեն ուղղակի բանակցությունները պաշտոնական Ստեփանակերտի հետ: Դա նշանակալի քայլ կլիներ սուբստանտիվ բանակցությունների համար, ինչպես սիրում է արտահայտվել Մամեդյարովը», - ասաց Դավիթ Բաբայանը, հավելելով, որ Ադրբեջանի իրական մտադրությունները չեն փոխվել: Հաշվի առնելով այս հանգամանքը, նա ընդգծել է, որ հայկական կողմը միշտ պետք է զգոն լինի. «Միայն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համախմբված ջանքերը կտան իրենց արդյունքները»:
Նշենք, որ իր հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, մասնավորապես, հայտարարել էր Արցախում բարձր ինքնավարության և անվտանգության ապահովման վերաբերյալ Բաքվի «պատրաստակամության» մասին: Նա նաև հույս էր հայտնել, որ 2019 թվականին կլուծվի հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձնման հարցը: