Արմինֆո. Մոսկվան զգուշավոր լավատեսությամբ է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Ըստ minval.az-ի, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:
«Ես զգուշավոր լավատեսություն ունեմ այն առումով, որ բանակցային գործընթացի համար ստեղծվել է ավելի բարենպաստ մթնոլորտ: Կարծում եմ, որ անցնող տարին ապարդյուն չէր՚, - ասել է Բոչարնիկովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում: Նա նշել է, թե 2018 թվականին «կարգավորման համար հիմք է դրվել, կայացել են հակամարտող կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներ»:
«Վերջերս լսեցի այդ թեմայի վերաբերյալ պարոն Մամեդյարովի գնահատականները, 2019 թվականի հունվարին նախատեսվում է երկու նախարարների հանդիպում: Ռուսաստանում ողջունում են դիտվող միտումը, կշարունակենք աջակցությունը նման մթնոլորտի հաստատմանը՚, - նշել է դեսպանը: