Արմինֆո. Արցախում եւս պետք է փոփոխություններ տեղի ունենան։ Դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նշել է, որ ժողովրդական ապստամբության շնորհիվ Հայաստանում տեղի է ունեցել փոփոխություն, սակայն Արցախում դա տեղի չի ունեցել:
Անդրադառնալով Պաշտպանության բանակի կադրային փոփոխություններին` Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, թե ավելի ճիշտ կլիներ, որ դրա իրական պատճառները հրապարակվեին: «Ես շատ կուզեի, որ Արցախի պաշտպանության նախարարի հեռացումը լիներ բանակի ներսում թերությունների պատասխանատվությունը կրելու հետեւանք, ոչ թե Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ նրա հայտարարությունները», - ընդգծել է նա։
«Սասնա Ծռերի՚ ներկայացուցիչը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կոչ է արել Հայաստանում սկսած գործընթացը շարունակել Արցախում, քանի որ Ղարաբաղի ժողովուրդն արմատական փոփոխությունների է սպասում: «Նրանք Բակո Սահակյանի անձի հետ որեւէ խնդիր չունեն, պարզապես, Արցախի բնակչությունը պահանջում է արմատական փոփոխություններ: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, շատ ավելի հեշտ կլինի իրականացնել Արցախում՚, - եզրափակել է Սեֆիլյանը։