Արմինֆո. «Կարծում եմ՝ Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է կամուրջ դառնալ Արևելքի և Արևմուտքի միջև և հենց կամուրջ էլ հանդիսանում է, քանի որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք և լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ», - հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը` հնդկական WION TV (World Is One News) հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին զենք վաճառելու հարցին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ ցանկացած հարցից ելք գտնել կարելի է երկխոսության միջոցով: «Դա միայն մեր տարածաշրջանին վերաբերող հարց չէ, ես հավատում եմ, որ միշտ կա լուծում, և այդ լուծումը երկխոսությունն է», - հավելել է նախագահը: Նրա ասելով, Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է: «Մմենք լավ դաշնակիցներ ենք հարյուրամյակներով: Մեր հարաբերությունները եղել են և կլինեն կայուն նաև ապագայում», - համոզմունք է հայտնել Արմեն Սարգսյանը:
Պատասխանելով Հայաստանին և Ադրբեջանին ամերիկյան զենք վաճառելու հնարավորության վերաբերյալ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանն առնչվող հարցին` Արմեն Սարգսյանն ասել է. «Դա, պարզապես, առաջարկ էր, կարող են լինել նաև այլ առաջարկներ, և դրանք պետք է նախապես համակարգել՚: