Արմինֆո. Հայաստանում կենսալաբորատորիաները բացառապես քաղաքացիական նշանակություն ունեն: Այդ մասին դեկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նրա ասելով, Հայաստանի տարածքում գտնվող կենսալաբորատորիաները վերահսկվում են հայկական կողմից, այնտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետները, իսկ լաբորատորիաները բացառապես քաղաքացիական նշանակության են: «Այսինքն՝ այստեղ զինվորականների ներկայության կարիք չկա, եւ Հայաստանը երրորդ երկրների զինվորականների տեղակայման մասին որեւէ բանակցություն չի վարում՚, - ընդգծել է Նաղդալյանը:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Հայաստանում օտարերկրյա կենսալաբորատորիաների առկայությանը, մասնավորապես, ասել էր, թե Հայաստանի հետ ավարտվում է փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը կերաշխավորի որևէ ռիսկի և սպառնալիքի բացակայությունն ու աշխատանքի թափանցիկությունը: «Կոմերսանտն՚, իր հերթին, գրել էր, թե ռուսական կողմը Հայաստանի հետ բանակցություններ է վարում փաստաթղթի ստորագրման շուրջ, որը երաշխավորի ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում բացված կենսալաբորատորիաները երրորդ երկրների կողմից օգտագործելու արգելքը: Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցի ընթացքում «Կոմերսանտին՚ հարցազրույցում ասել էր, որ ռուս մասնագետներին թույլ է տրվել Հայաստանում մուտք գործել ամերիկյան ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, որտեղ զբաղվում են կենսաբանական նյութերի ուսումնասիրությամբ:
2016 թ. ԱՄՆ ՊՆ ֆինանսավորմամբ Հայաստանում բացվել է երեք լաբորատորիա՝ Երևանում, Գյումրիում և Իջևանում: Դրանց բացումից հետո հայկական և ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար հարպարակումներ են հայտնվում այն մասին, որ այդ լաբորատորիաները երկակի նշանակության օբյեկտներ են և կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով՝ կենսաբանական զենք ստեղծելու և արտադրելու համար: