Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության 100-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փաշինյանի ուղերձում ասվում է.
«Սիրելի «Արմենպրեսականներ», ջերմորեն շնորհավորում եմ «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-րդ տարեդարձի առթիվ: Գործակալությունը մեկդարյա գործունեությամբ իր ուրույն տեղն է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Գործակալության հարուստ արխիվային նյութերում պահպանվում են մեր երեք հանրապետությունների կյանքում տեղի ունեցած գրեթե բոլոր կարևորագույն իրադարձություններին վերաբերող տեղեկատվություններ ու լուսանկարներ, որոնք մեր երկրի վավերագրական ժառանգության կարևոր մասն են: Արժևորելով «Արմենպրես»-ի անցած ուղին՝ վստահ եմ, որ գործակալությունն իր անաչառ և հավաստի լրատվությամբ կշարունակի նպաստել ինչպես մեր երկրի ներսում այնպես էլ դրա սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության մասին արժանահավատ տեղեկատվության մատուցմանը, քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, որպես չորրորդ իշխանության ներկայացուցիչ հանրային կարևոր նշանակություն ունեցող հարցերի բարձրաձայնմանն ու լրատվական դաշտի շարունակական զարգացմանը: «Արմենպրես»-ի ողջ անձնակազմին մաղթում եմ անսպառ ստեղծագործական եռանդ, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ հետագա պատասխանատու գործունեության մեջ՚:
Մեր գործընկերներին հղված բազմաթիվ շնորհավորանքներին միանում է նաև ԱրմԻնֆո գործակալության կոլեկտիվը, որի ակունքները, նրա հիմնադիրների ճակատագրի բերումով, հասնում են դեռևս 1991 թվականին Արմենպրեսի «բողբոջմանը՚: Մեր բարեկամներին և գործընկերներին մաղթում ենք մեծամեծ հաջողություններ, ստեղծագործական թռիչք և «երևակայություն՚: