Արմինֆո.Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը բավականին հեռանկարային ուղղություն է: Ռուսական ներդրողները հետաքրքրված են դրանով եւ մտադիր են մասնակցել այդ գործընթացին, սակայն ամեն ինչ կախված է Հայաստանի եւ Իրանի միջեւ պայմանավորվածություններից:
Այդ մասին դեկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, նշելով, որ գործարարները պետք է հստակ իմանան, թե որ ապրանքներն են պահանջված, եւ որոնք կարելի է իրացնել այդ ԱՏԳ-ում:
Առեւտրի ներկայացուցիչը նշել է, որ ռուսական հնարավորությունները կախված են Հայաստանի կառավարության ճիշտ ձեւակերպված խնդիրներից: «Մենք ակնկալում ենք, որ ակտիվորեն կհամագործակցենք Հայաստանի նոր կառավարության հետ», - ասել է Հայաստանում Ռուսաստանի առեւտրի ներկայացուցիչը:
Անդրադառնալով հայ-ռուսական տնտեսական համագործակցության հիմնական ուղղություններին` Բաբկոն ընդգծել է, մասնավորապես, տրանսպորտային ծրագրերը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի շրջափակումը ազդում է տրանսպորտի ոլորտում փոխգործակցության զարգացման վրա: Այս առնչությամբ նա օգտակար է համարել Հայաստանի եւ Իրանի միջև երկաթուղու շինարարությունը, ինչը կնպաստի նաեւ տրանսպորտային խնդիրների լուծմանը: Նրա համոզմամբ դա թույլ կտա Հայաստանին դառնալ տարանցման հանգույց, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի: «Այս հարցում ամեն ինչ կախված է ներդրումներից», - եզրափակել է Բաբկոն: