Արմինֆո. Հայաստանի ներքաղաքական զարգացումները չեն ազդել և չեն փոխել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները: Դեկտեմբերի 18-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա ասելով, Հայաստանի իրադարձությունները չեն հանգեցրել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հիմնարար փոփոխության, ինչի մասին վկայում է բարձրագույն մակարդակի շփումների ինտենսիվությունը. բավականին ինտենսիվ է զարգանում նաև խորհրդարանական համագործակցությունը, ԱԳՆ-ների փոխգործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը մշակույթի և կրթության ոլորտներում: Դեսպանը նշել է, որ սկսել են ավելի ակտիվորեն զարգանալ առևտրատնտեսական հարաբերությունները: Նրա ասելով, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը թույլ է տվել 2018 թվականի 9 ամիսներին 17 տոկոսով ավելացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը:
Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել Հայաստանին կարևոր խնդիրների լուծման գործում: «Արագ փոփոխվող աշխարհում մենք պետք է հասնենք հարաբերությունների այն մակարդակին, որն արդիական կլինի առկա իրողություններում՚, - նշել է ռուսաստանցի դիվանագետը:
Նա նաև հաջողություն է մաղթել Հայաստանի նոր գումարման խորհրդարանին, ցանկություն հայտնելով, որպեսզի 7-րդ գումարման ԱԺ «ներկայացուցիչներն արդարացնեն Հայաստանի ժողովրդի սպասումները՚: Իսկ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի չշնորհավորելու հանգամանքին` Կոպիրկինը նշել է, թե գործող միջպետական արարողակարգի համաձայն, նմանօրինակ շնորհավորանքն ընդունմված չէ: «Որպես կանոն, շնորհավորանքն ուղարկվում է որևէ նշանակումից հետո: Եվ մենք իշխանության կառուցվածքի ձևավորման ժամանակացույցին բնավ չենք հետևում՚, - պարզաբանել է դեսպանը, հավելելով, որ իրավիճակի էությունը արտահայտված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում. «Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության և հարաբերությունների զարգացման՚: