Արմինֆո. ՀՀ նախկին վարչապետ, ավելի վաղ կառավարող Հայաստանի հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը լքում է կուսակցությունը:
Ինչպես հայտնել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել, և
կուսակցության կանոնադրության համաձայն, նա այլևս հանրապետական չէ:
Ավելի վաղ՝ հունիսի 21-ին, Կարեն Կարապետյանը Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: Կարապետյանն անդամակցել էր կուսակցությանը 2016 թ. նոյեմբերի 24-ին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց երկու ամիս անց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գազպրոմ էներգահոլդինգ՚ ՍՊԸ միջազգային նախագծերի գծով գլխավոր տնօրենի տեղակալի, դրանից առաջ «Գազպրոմ Արմենիայի՚ ղեկավարի պաշտոններն զբաղեցրած Կարեն Կարապետյանը 2016 թվականի սպետեմբերի 13-ին նշանակվել էր Հայաստանի վարչապետի պաշտոնում: Ինչպես կարծում են անկախ դիտորդները, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ին հաջողվեց ավելի դյուրին դարձնել իր հաղթանակը հենց Կարեն Կարապետյանի շնորհիվ, ով այդ շրջանում դարձել էր ՀՀԿ քարոզարշավի «դեմքն ու ձայնը՚: Կարեն Կարապետյանը շարունակում էր պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար մինչև 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը, ինչից հետո նշանակվել էր առաջին փոխվարչապետի պաշտոնում: Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց լիազորությունները վայր դնելու որոշման մասին:
Հոկտեմբերի 25-ին <Կոմերսանտ> թերթը հայտնել էր, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է ընդգրկվել <Зарубежнефть> ռուսական պետական ընկերության տնօրենների խորհրդում։