Արմինֆո. Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հերթական անգամ հերքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուլաշենկոյի հայտարարությունը, այս անգամ` այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը չի բարձրացրել Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը:
«Ցավոք, պարոն Լուկաշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան, և հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը, և չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել Հայաստանի վարչապետից: Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումների ժամանակ մշտապես բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը: Նա այդ հարցը բարձրարցել է նաև նաև այն հանդիպման ժամանակ, որի մասին իր հայտարարությունում հիշատակել է Լուկաշենկոն: Հայաստանը տրամադրված է այսուհետև էլ շարունակելու քննարկումները ՀԱՊԿ շրջանակում՝ կազմակերպության անդամ երկրների փոխադարձ դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է Եղոյանը:
Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, հայտարարել էր, որ Մինսկը Ադրբեջանին հինգերորդ զենք մատակարարողն է: «Կան երկրներ, որոնք ավելի մեծ քանակությամբ զենք են վաճառում Բաքվին, օրինակ, Իսրայելը, Ռուսաստանը, Թուրքիան: Ես Նիկոլ Փաշինյանին ասել եմ, թե ինչու է Մինսկից նեղանում Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով, Ռուսաստանն այն վաճառում է անհամեմատ ավելի մեծ մասշտաբներով, ինչու է նա բերանը ջուր առել, ինչու այդ հարցը չի բարձրացնում Պուտինի առջև, ինչու նրան չի քննադատում, վախենու՞մ է՚, - հայտարարել է Լուկաշենկոն, հավելելով, թե Փաշինյանի հետ խոսակցությանը ներկա է եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: