Արմինֆո.Մոսկվայում Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրելու մասին որոշումը կայացնելու է Մոսկվայի քաղաքային դումային առընթեր հանձնաժողովը` դեկտեմբերի 18-ին: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հաղորդել է «Ռուսաստանի ջավախքցիների համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանը:
Վերջերս «Ռուսաստանի ջավախքցիների համայնքը» Մոսկվայի բազմաթիվ այլ ՈԿԿ-ների հետ միասին դիմել էր Մոկսկվայի քաղաքային դումային` Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրելու խնդրանքով, քանի որ Ազնավուրի հայրը ծնունդով Ջավախքից էր` Ախալցխայից, և Մեծ շանսոնիեին Ռուսաստանի հետ շատ բան էր կապում: Մոսկվայի իշխանությունների հանձնարարիությամբ կազմակերպության ներկայացուցիչները որպես հուշարձանի տեղադրման վայր նշել են «Զարյադիե՚ զբոսայգու տարածքը կամ Մոսկվայի երաժշտության միջազգային տան տարածքը: Այնուհետև, հասարակական կազմակերպության ղեկավարի աելով, հարցի քննարկումը տեղափոխվել է «Ֆեյսբուք՚, և արդեն դեկտեմբերի 18-ին Մոսկվայի քաղաքային դումային առընթեր հանձնաժողովը պետք է որոշում կայացնի: Սակայն, ինչպես կարծում է Արաբյանը, ամենայն հավանականությամբ, հուշարձանի տեղադրումը մերժվելու է: «Ինչպես մեզ բացատրեցին, նման հարցերը դրվում են համապատասխան շրջանի բնակչության քննարկմանը, իսկ հետո այդ հարցումների արդյունքները տրամադրում են վերը նշված հանձնաժողովին, որը կայացնելու է որոշում: Դատելով համապատասխան խմբի քննարկումներից` մասնակիցների զգալի մասը դեմ է հուշարձանի տեղադրմանը «Զարյադիե՚ զբոսայգու տարածքում: Վերլուծելով նրանց կարծիքները` հուշարձանի տեղադրման ցանկության բացակայության շարժառիթը Մեծ շանսոնիեի ազգային պատկանելությունն է՚, - նշել է Աղասի Արաբյանը:
«Ռուսաստանում ապրող տարբեր ազգությունների բազմաթիվ քաղաքացիների անունից Մոսկվայի քաղաքային դումային և Մոսկվայի «Տվերսկայա՚ շրջանի բնակիչներին խնդրում ենք աջակցել մեր խնդրանքին. չէ որ «Զարյադիե՚ զբոսայգին նաև հրապուրիչ վայր է ողջ աշխարհի զբոսաշրջիկների համար: Միևնույն ժամանակ, այդ զբոսայգին, մեր կարծիքով, «Տվերսկայա՚ քաղաքային շրջանի բնակելի զանգվածի մեջ չի մտնում, և հուշարձանը կամ այնտեղ անցկացվող միջոցառումներն, ապրիորի, չեն կարող խախտել զբոսայգուց ոչ հեռու ապրող բնակիչների անդորը: Մենք համոզված ենք, որ այն կդառնա ռուս-ֆրանսիական, հայ-ռուսական ու, ընդհանրապես, բազմազգ բարեկամության ևս մեկ հիանալի վայր՚, - հայտարարել է «Ռուսաստանի ջավախքցիների համայնք» հասարակական կազմակերպության նախագահը: