Արմինֆո.Հայաստանը լիովին կատարել է հայ-թուրքական արձանագրությունների շրջանակներում պարտավորությունները և նույնն ակնկալում էր Թուրքիայից, արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար ՀՀ ժամանած թուրք լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
<Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, բայց այդ հարցում, կարծես, միայնակ ենք։ Մենք տարանջատում ենք հայ-թուրքական հարաբերություններն այլ գործընթացներից։ Այդ հարաբերությունների հետ կապվող մյուս հարցերը նախապայմաններ են: Հայ-թուրքական հարաբերություններն այլ տրամաբանությունն ունեն, և այդ հարաբերություններն անհրաժեշտ է դիտարկել այդ լույսի ներքո>,- հայտարարել է Մնացականյանը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նա ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա՝ ավելացնելով, որ մայիսից ի վեր, երբ իշխանության եկավ նոր կառավարությունը, Հայաստանն ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացում: <Այդ հարցում հնարավոր չէ առաջընթացի հասնել ճնշման կամ միակողմանի ներգործության ճանապարհով>,- հայտարարել է Մնացականյանը՝ հավաստիացնելով, որ ինչպես բանակցություններում , այնպես էլ կողմերի աշխատանքում դինամիկա է նկատվում: Նա կրկին ընդգծել է հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը: <Կարևոր է, որ երկրները ջանքեր գործադրեն լարվածության թուլացման և ատելության մթնոլորտի վերացման ուղղությամբ։ Հայաստանի համար առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու կարգավիճակը>,- ամփոփել է Մնացականյանը: