Արմինֆո. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները` դրանք համարելով հարեւան երկրում ժողովրդավարական փոփոխությունների միտում:
Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, Հասեմին հույս է հայտնել, որ նոր կառավարության ձեւավորմանը կհետեւի Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ընդլայնում։ Նշելով, որ հարեւանների հետ հարաբերությունները միշտ հատուկ տեղ են զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ, քանի որ դրանք կարեւոր ազդեցություն ունեն տարածաշրջանի բոլոր երկրների կայունության, բարգավաճման եւ անվտանգության վրա, Հասեմին ընդգծել է, որ աշխարհագրորեն մոտ լինելու արդյունքում Իրանի եւ բոլոր հարեւանների միջեւ հաստատվել են խորը մշակութային ու պատմական կապեր, ինչին Թեհրանը մեծ նշանակություն է տալիս։