Արմինֆո.Հայաստանի հաջորդ վարչապետին խորհրդարանը չի ընտրի:
Այսպես, եթե դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքներ չլինեն, իսկ, դատելով արդեն արված հայտարարություններից, դա տեղի չի ունենա, ապա դեկտեմբերի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի քվեարկության վերջնական արդյունքները: Մոտ մեկ շաբաթ կպահանջվի մանդատները պատրաստելու, բաշխելու, պատգամավորների երդման արարողությունը կազմակերպելու համար, ինչից հետո ԿԸՀ-ն կհայտարարի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մասին, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, և հենց այդ ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը` «Իմ քայլը» դաշինքը, կառաջադրի վարչապետի թեկնածու: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն, նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո ՀՀ նախագահն անմիջապես վարչապետի պաշտոնում նշանակում է խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Այնուհետև, ՀՀ սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն, կառավարությունը ձեւավորվում է վարչապետի նշանակումից հետո տասնհինգ օրվա ընթացքում: Վարչապետը նշանակվելուց հետո հինգ օրվա ընթացքում ՀՀ նախագահին առաջարկում է իր տեղակալների եւ նախարարների թեկնածությունները: Հանրապետության նախագահը երեք օրվա ընթացքում նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ` դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը բողոքն ուսումնասիրում է եւ ընդունում է որոշում` հինգ օրվա ընթացքում:
Առայժմ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները չեն ձեւավորվել, սակայն ԶԼՄ-ները արդեն որոշ մանրամասներ են հաղորդում կառավարությունում ակնկալվող կառուցվածքային փոփոխությունների մասին: Մասնավորապես, նշվում է, որ քննարկվում է Կրթության և գիտության նախարարությունը, Սպորտի և երիտասարդության գործերի նախարարությունը, Սփյուռքի նախարարությունը և Մշակույթի նախարարությունը մեկ գերատեսչությունում միավորելու հարցը: Այս նոր նախարարությունը, ըստ տեղեկությունների, կգլխավորի այժմ ԿԳՆ պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Թե էլ որ պետական գերատեսչությունները կկրճատվեն կամ կօպտիմալացվեն, հայտնի կդառնա առաջիկայում, սակայմ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, 18 նախարարություններից առնվազն 5-ը կկրճատվի:
Կառավարության ձևավորումից հետո 20 օրվա ընթացքում վարչապետը ԱԺ է ներկայացնում կառավարության ծրագիրը: ԱԺ-ն 7 օրվա ընթացքում հաստատում է կառավարության ծրագիրը: Հակառակ պարագայում, ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերին համապատասխան, Ազգային ժողովը ցրվում է իրավունքի ուժով:
Շրջանառվող լուրերի համաձայն, 7-րդ գումարման ԱԺ նախագահ կդառնա Արարատ Միրոզյանը, փոխնախագահներ` Լենա Նազարյանը եւ Ալեն Սիմոնյանը: Միեւնույն ժամանակ, նշվում է, որ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավարի հարցը վերջնականապես լուծված չէ: