Արմինֆո.Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը և Կանաչ կլիմայի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Խավիե Մանզանարեսը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի երկկողմ Հիմնական համաձայնագիրը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովի ժամանակ։ Համաձայնագիրը կապահովի հիմնադրամի ներքո Հայաստանում իրականացվող գործողությունները։ Կանաչ կլիմայի հիմնադրամն այդ նպատակով 2020 թվականից սկսած զարգացող երկրներին կտրամադրի տարեկան 100 մլն դոլար:
Այս տարվա հոկտեմբերին հաղորդվել էր, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 87 մլն եվրո է ստացել Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից` Հայաստանում, Ալբանիայում, Վրաստանում, Հորդանանում, Մակեդոնայում, Մոլդովայում, Սերբիայում եւ Թունիսում կայուն քաղաքային զարգացման ոլորտի ծրագրերի իրականացման համար: ՎԶԵԲ-ի եւ հիմնադրամի ֆինանսավորումը կնպաստի կլիմայի փոփոխման այնպիսի կենսական կարևորություն ունեցող խնդիրների լուծմանը, ինչպես` ջերմոցային գազերի արտանետումները, հարմարվողականությունը կլիմայի փոփոխությանը, էներգատարողությունը, կոշտ թափոնների կառավարումը, անարդյունավետ փողոցային լուսավորության փոխարինումը եւ ջրային ծառայությունների կառավարումը:
Այս նախաձեռնությունը «ՎԶԵԲ կանաչ քաղաքներ՚ շրջանակային ծրագրի մի մասն է, որը հիմնված է քաղաքային եւ բնապահպանական ենթակառուցվածքում ներդրումների բանկի երկու տարվա փորձի վրա: Միայն 2016-2018 թվականներին ՎԶԵԲ-ը նախատեսել է մոտ 2,5 մլրդ եվրո ներդնել քաղաքային նախագծերում, որոնք տարեկան մոտ 800 000 տոննայով կրճատում են CO2 արտանետումները: Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից տրամադրված 87 մլն եվրո գումարը կազմում է 228 մլն եվրո ընդհանուր ֆինանսավորման առաջին տրանշն է: Միեւնույն ժամանակ, ողջ ֆինանսավորումը կօգնի 23 միլիոն մարդու եւ կհանգեցնի 12 միլիոն տոննա CO2 արտանետումների կրճատմանը, ինչը հավասարազոր է տարեկան ավելի քան 2,3 միլիոն ուղեւորատար ավտոմեքենաների գազերի արտանետումներին: