Արմինֆո. Ռամկավար ազատական կուսակցությունը հույս է հայտնում, որ խորհրդարան անցած քաղաքական ուժերը կանեն ամեն ինչ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար
<2018 դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններում <<Թավշյա հեղափոխության>> շարունակության տրամաբանությամբ ժողովուրդը քվեարկեց <<Իմ քայլը>> դաշինքի կամ որ նույնն է` գործող իշխանությունների օգտին:
Մի քանի օբյեկտիվ պատճառներով ընտրություններին չմասնակցած Ռամկավար Ազատական կուսակցությունը հավատարիմ մնալով իր որդեգրած <<ժողովրդի հետ, ժողովրդի համար>> հավատամքին և անսալով դրական վերափոխումների ու առաջընթացի համաժողովրդական ձգտումներին`իր անդամներին և համակիրներին կոչ էր արել իրենց ձայնը տալ <<Իմ քայլը>> դաշինքի թեկնածուների օգտին:
Այսօր, երբ մեր այդ նպատադրումն արդեն իրողություն է, ՌԱԿ Կենտրոնական վարչությունը և Գերագույն խորհուրդը Հայաստանում և Սփյուռքում կուսակցության բոլոր անդամների անունից շնորհավորում են համայն հայությանը ժողովրդավարական ընտրություններ ունենալու իրողության առիթով և հույս հայտնում, որ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերը կանեն ամեն ինչ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար:
Ակնհայտ է, որ <<Իմ քայլը>> դաշինքին ձայների բացարձակ մեծամասնության քվեն տալով ժողովուրդն ակնկալում է նաև բացարձակ դրական փոփոխություններ կյանքի բոլոր ասպարեզներում: Ռամկավար Ազատական կուսակցությունը գալիս է միանալու ժողովրդի այդ ակնկալիքին և իր զորակցությունն է հայտնում երկրում իրականացվելիք բոլոր դրական վերափոխումներին, այդ թվում`արտագաղթի ծավալները կրճատելու, հայրենադարձությունը քաջալերելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք իսկական և արդյունավետ եռամիասնություն ստեղծելու, հայության իղձերի իրականացման համար ճանապարհ հարթելու ուղղությամբ>,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ: