Արմինֆո.Առաջիկա մոտ երեք տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ), և տրանսպորտային միջոցները կշահագործվեն միայն էլեկտրաէներգիայով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է <Ազատ հայրենիք> կուսակցության առաջնորդ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, դրան հասնելու համար պետք է հավատ և վստահություն, ինչպես եղավ Արցախը էներգետիկ առումով ինքնաբավ դարձնելու ծրագիրն իրագործելիս: Օրեր առաջ Թարթառ գետի վրա շահագործման է հանձնվել հերթական փոքր ՀԷԿ-ը: Առաջիկա տարիների ընթացքում, ինչպես նշել է նախկին վարչապետը, Արցախը մինչև 1 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն կունենա, ինչի ադյունքում երկիրը կախված չի լինի դրսի էներգակիրներից, և միջազգային շուկայում պարբերաբար արձանագրվող նավթի և գազի գների տատանումները բացասաբար չեն ազդի մեր բնակչության և տնտեսության ֆինանսական ռեսուրսների վրա:
Ինչ վերաբերում է բնապահպանական հնարավոր խնդրիներին, ինչպես նշել է Արայիկ Հարությունյանը, անհրաժեշտ է լինել անզիջում և խնդիրները կանխարգելել կամ նվազագույնի հասցնել՝ մեծացնելով վերահսկողական մեխանիզմները:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին
Թրղե և Լև գետերի վրա, «Արցախհէկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ, շահագործման են հանձնվել ևս երկու փոքր ՀԷԿ-եր, որոնք ավելի կամրապնդեն հանրապետության էներգետիկ ինքնաբավությունը: Ավելին, ընթացիկ և նախատեսվող էներգետիկ նոր նախագծերի շնորհիվ գալիք տարիներին էլեկտրաէներգիայի արտադրությունը կգերազանցի նախնական ակնկալիքները՝ բարձրացնելով Արցախի ռազմավարական անկախությունն արտաքին հաղորդակցություններից: Ավելի վաղ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Հայկ Ավետիսյանը նշել էր, որ Արցախում 2018 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել 28.5 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ և 161.7 միլիոն ԿՎտ-ժամ էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքով 6 փոքր հիդրոէլեկտրակայան: Ներկայումս Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում ընթացքի մեջ են ևս 5 փոքր ՀԷԿ-երի կառուցումը՝ 20 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ: Ներկայումս Արցախում գործում է 16 ՀԷԿ, որոնց արտադրությունը 2017թ.-ին կազմել է 327,8 մլն ԿՎտ-ժ էլեկտրաէներգիա, իսկ ընդհանուր սպառման ծավալները Արցախում կազմել է 351,1 մլն ԿՎտ/ժ: